Սրտաբան Վալենտինա Բայդինան РИА Новости-ին պատմել է, թե ինչից պետք է բաղկացած լինի արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց ճաշացանկը:
Նա հիշեցրել է, որ զարկերակային բարձր ճնշման փաստը նշանակում է, որ անոթները նեղացել են: Եվ անոթները լայնացնող ամենալավ միջոցներից է կաթնաթթուն: Այն հանդիպում է կաթնամթերքում, նշել է նա:
Մասնագետի խոսքով՝ կարկադե կարմիր թեյը հիպերտոնիկ հիվանդների համար օգտակար ըմպելիքներից մեկն է. իր հակաօքսիդանտ հատկությունների և վիտամին C պարունակության շնորհիվ այն ընդլայնում է արյան անոթները: Կոկոսի ջուրը, որն ունի միզամուղ հատկություն, և կակաոն, որը հարուստ է կալիումով և կաթ ավելացնելով՝ նաև կալցիումով, նվազեցնում են ճնշումը: 200 միլիլիտր բնական կակաոն արդեն դրական ազդեցություն ունի:
«Զարկերակային ճնշումն իջեցնող մթերքներից են մրգերն ու բանջարեղենը՝ հարուստ վիտամին C- ով. գրեյպֆրուտ, նարինջ, կիտրոն և կիտրոնով ջուր: Ճակնդեղն ու ճակնդեղի ըմպելիքը, որի մեջ հյութն ու ջուրը 1։1 հարաբերությամբ են, օգտակար են:
«Մեկ բաժակը բավական կլինի. ավելի մեծ քանակությամբ ըմպելիքն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ»,- ասել է Վալենտինա Բայդինան:
Նրա կարծիքով՝ օգտակար է նաև սխտորը, որը պարունակում է ալիցին՝ եթերային նյութ, որը հանգստացնում է արյան անոթների պատերը: Սննդակարգում կարելի է ներառել կանաչիներ`սպանախ, սամիթ, մաղադանոս, որոնք ունեն միզամուղ ազդեցություն:
Միևնույն ժամանակ, բժիշկը նշել է, որ ճիշտ ճաշացանկն օգտակար միջոց է, բայց օժանդակ: Զարկերակային ճնշումը նվազեցնելու համար անհրաժեշտ են բուժող բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ: