Հայաստանը Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ, Հայերը, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», – պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այժմ, հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակումից հետո, ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նախնիների հողեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ։ Զանգեզուրը մեր հայրենի հողն է, Գյոյչան և Իրևանը մեր հայրենի հողերն են», – հայտարարում էր Ալիևը՝ հերթական անգամ հրապարակային ելույթում օգտագործելով Սևան և Երևան տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևը նաև կրկնեց ադրբեջանական դիվանագիտության հետպատերազմյան թեզերից ևս մեկը՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտությունը այլևս անցյալում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին: «Համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, այսպիսով, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին: Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նախանշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանի և Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ: