Ձեր ամենաբարդ որոշումն այսօրվա քննարկվող հարցը չի լինելու, ձեր ամենաբարդ որոշումները կայացնելու եք այսօրվա որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում։ ՍԴ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
«Առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում։ Ինչ վճիռ էլ կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է։ Ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը։ Առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է Պուտինի բառերով բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր։ Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, զիջումների վերաբերյալ միջազգային պայմանագրի մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն այս երկրում երկուսն են՝ ԱԺ-ն և դուք բարձր դատարան։ Ձեր որոշումից է կախված նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը»,-նշեց Դավիթ Հարությունյանը։