
Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցումների, Բաքվում ԱՄն ու Ֆրանսիայի դեսպանատները չեն մեկնաբանել Շուշի այցելելու հրավերի մերժումը, որ արել էին այդ երկրների դեսպաններն ի պատասխան Բաքվի ղեկավար Ալիևի նախաձեռնության: Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների դեսպանները չէին մեկնել Շուշի: Այն, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան չեն մեկնաբանել իրենց հրաժարումը, վկայում է թերևս այն, ինչի մասին խոսեցինք նախօրեին:
Շուշի այցի մերժումը վկայում է այն մասին, որ Ալիևից պահանջվում է հետպատերազմյան իրողությունների «լեգիտիմացման» քաղաքական բարձր գին: Ընդ որում անկասկած է, որ թե ՌԴ, թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան ունեն ոչ մեկ, միասնական գին, բայց գնի հարցում ունեն ընդհանուր բավականին բարձր պահանջներ ու նշաձողեր և Ալիևը ներկայումս ակնհայտորեն չի բավարարում դրանք, գուցե Էրդողանի հետ միասին: Ամբողջ հարցն այստեղ սակայն այն է, որ չներկայացնելով Շուշի այցից հրաժարվելու պատճառը, այդ երկրները ըստ էության թողնում են իրենց համար Ալիևի կամ նրա ղեկավար Էրդողանի հետ սակարկության ճկուն դաշտ:
Ահա այստեղ է, որ շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե նրանք նշեին Շուշի չայցելելու կոնկրետ պատճառ, քանի որ դա թույլ կտար Երևանին որոշակիորեն «վերահսկելի» դարձնել քաղաքական գնի հարցում Բաքվի, իսկ ավելի հավանական է պարզապես Անկարայի հետ համանախագահ երկրների հնարավոր քննարկումներն ու սակարկումները: Հակառակ դեպքում, երբ նրանք հրաժարվում են բարձրաձայնել կոնկրետ պատճառը, դրանով գուցե առերևույթ անհարմար վիճակի մեջ են դնում Ալիևին ու Էրդողանին, բայց խորքային առումով նրանց համար էլ ապահովում են ճկունություն:
Հետևաբար, այդ իմաստով, երեք համանախագահ երկրների դեսպանների Շուշի այցից հրաժարումը Հայաստանում թերևս ոգևորության պատճառ չէ, այլ ուշադրության գերկենտրոնացման և համանախագահ երկրների հետ աշխատանքի ինտենսիվացման, հասկանալու համար «չայցելելու» գինը, և այդպիսով գուցե նաև հասկանալով, թե որն էր «այցելության» գինը այնպիսի երկրների դեսպանների համար, ինչպիսիք են Չինաստանը, Հունաստանը, Ավստրիան, այլ երկրներ, որոնք կարևոր են Հայաստանի համար: