
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան հայտարարել է, որ թալիբները արդեն վերահսկում են տաջիկ-աֆղանական սահմանի երկու-երրորդը: ՌԻԱ Նովոստին տեղեկություն է տարածել, որ թալիբների այսպես ասած քաղաքական թևի առաջնորդներից ժամանել են Մոսկվա: Թալիբանն ըստ երևույթին սկսում է քաղաքական քննարկումներ Ռուսաստանի հետ, որը միջինասիական ռեգիոնում հայտնվել է բարդագույն խնդիրների առաջ այն բանից հետո, երբ ԱՄՆ ու ՆԱՏՕ հեռացնում են զորքը Աֆղանստանից և այնտեղ է հաստատվում Թուրքիան:
Թալիբները դեմ են արտահայտվել Թուրքիայի ներկայությանը, ասելով, որ իրենք պատրաստ են պայմանավորվել աֆղանական կառավարության հետ, բայց երկրի տարածքում չպետք է լինի որևէ երրորդ երկրի զինուժ: Մինչդեռ հայտնի է, որ ԱՄն ու ՆԱՏՕ զինուժի դուրսբերումից հետո Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի վերահսկողությունը իրականացնելու է Թուրքիան, որը այդ խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ից խնդրել էր լոգիստիկ, ենթակառուցվածքային հարցերի աջակցություն: Չի բացառվում, որ թալիբները Մոսկվային առաջարկում են համատեղ գործել Թուրքիայի դեմ:
Ռուսաստանը անկասկած պատկերացնում է, որ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը լինելու է Ռուսաստանի ազդեցության գոըտիների հաշվին, ինչի վառ վկայությունն է այն, որ Անկարան ոչ միայն գործում է Քաբուլի, այլ նաև Դուշանբեի, Բիշքեկի, Նուրսուլթանի և Տաշքենդի, այլ կերպ ասած Ռուսաստանի ազդեցության գոտի դիտվող թյուրքալեզու նախկին հանրապետությունների ուղղությամբ:
Կգնա՞ Մոսկվան թալիբների հետ թուրքերի դեմ որևէ համաձայնության, ինչը կարող է լրջորեն խաթարել ամբողջ ռուսական աշխարհաքաղաքականությունը, որը կառուցված է Թուրքիայի հետ հարաբերության առանցքով, թե՞ Մոսկվան կփորձի դառնալ Թուրքիայի ու թալիբների «միջնորդ», ինչն էլ նշանակում է, որ այդպիսով կարող է հայտնվել երկուստեք պահանջների և անգամ «շանտաժի» արանքում: Ռուսաստանի միջինասիական այդ բարդ խնդիրները ամենևին ոգևորիչ չեն Հայաստանի համար, այդ համատեքստում առանցքային խնդիր է այդ դիտարկումների թիրախում չհայտնվելը: Կստացվի՞ դրանից հետո: Սա էապես կախված է ոչ թե արտաքին ճկուն քաղաքականությունից, այլ ճկունության ներքին մեխանիզմների ձևավորումից: Արտաքին ճկունությունը կարող է կառուցվել միայն դրա վրա: Խորհրդարանի ընտրության արդյունքն առերևույթ չի տալիս այդպիսի գնահատականի հիմք: Մյուս կողմից սակայն, կա այն, ինչ կա, և լուծումները պետք է գտնել եղածի շրջանակում, անկախ, թե ով ինչ վերաբերմունք ունի եղած պատկերի այս կամ այն մասի հանդեպ: Ի վերջո ակնառու է մի բան, որ Հայաստանի հանդեպ արտաքին նկրտումներ ունեցողները օգտագործում են հենց ներքին պատկերում եղած «հիմքերը»: Ըստ այդմ, կամ Հայաստանն է գտնում ներքին առկա պատկերը իր համար օգտագործելու բավարար ճկուն մեխանիզմներ, կամ գտնում են այդ մեխանիզմները այն երկրները, որոնք հայկական հարցերը դիտարկում են ավելի մեծ օրակարգի մանրադրամ: