Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են երկրի երկրորդ մեծ քաղաք Քանդահարի վրա: Այդ մասին ուրբաթ՝ հուլիսի 9-ին, հաղորդել է «РИА Новости»-ն:
Ենթադրվում է, որ մարտերը տեղի են ունեցել կենտրոնական բանտի տարածքում և այժմ շարունակվում են շուկայի տարածքում: Մի քանի խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ:
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային անվտանգության կառույցի, կառավարական բանակի հատուկ ստորաբաժանումը գիշերը քաղաքի մի շարք մասերում գործողություն է իրականացրել թալիբների դեմ, որի արդյունքում սպանվել է ինը գրոհային, վիրավորվել են ևս երկուսը:
Միաժամանակ, Քանդահարի նահանգապետը հայտնել է, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է, գրոհայինները նահանջում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Իրանի ու Թուրքմենստանի հետ Աֆղանստանի սահմանային անցակետերի վրա: