Աշխարհում արագ տեմպերով տարածվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ավստրալիայի ամենամեծ քաղաք Սիդնեյում տվյալ մուտացիայի տարածման պատճառով հայտարարված լոքդաունը ևս մեկ շաբաթով երկարաձգվել է:
Ինդոնեզիայում վերջին մի քանի օրվա ընթացքում վարակման և մահվան ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այնտեղ վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 34 հազարից ավելի մարդու մոտ, 1040 մարդ մահացել է:
Չինաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 57 դեպք, ինչն ամենամեծ թիվն է հունվարից ի վեր:
Հարավային Կորեայի որոշ հատվածներում էլ սահմանափակումների մեղմացումից հետո օրական դեպքերի թիվն ավելացել է: Մայրաքաղաք Սեուլում իշխանությունները ևս մեկ շաբաթով երկարաձգել են տեղաշարժի սահմանափակումները: Ըստ Հարավային Կորեայի վարչապետի՝ «Դելտա» շտամով վարակման դեպքերն աճում են, և վիրուսի չորրորդ ալիքն արագ տարածվում է հատկապես 30-ից ցածր տարիքի չպատվաստված մարդկանց շրջանում:
Իսկ Թուրքմենստանում 18-ից բարձր տարիքի բոլոր անձանց համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր:
Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուս է հաստատվել 185.5 միլիոն մարդու մոտ: 4 միլիոնից ավելի մարդ մահացել է: Վիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 895 միլիոն մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության 11.5 տոկոսը: