
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Տյումենում Սբերբանկի բաժանմունքներից մեկը գրաված տղամարդուն: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Վերջինս հայտնել է, որ բանակցությունների արդյունքում հաջողվել է չարագործին համոզել բաց թողնել բոլոր պատանդներին և հանձնվել:
Սբերբանկի մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է, որ պատանդներ վերցնողը ձերբակալված է: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ մի տղամարդ՝ ձեռքին ուսապարկ, որից երևում են մալուխներ, սպառնում է պայթյուն իրականացնել: Նա պատանդ է վերցրել բանկի բաժանմունքի ղեկավարին և ևս 1-2 աշխատակիցների՝ պահանջելով 15 մլն ռուբլի:
Интерфакс-ը նաև հավելում է, որ չարագործը հոգեկան խնդիրներ ունի: Նա դիմել էր հոգեբույժի օգնության և դեղամիջոցներ էր ընդունում: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքն իսկական չի եղել: Տղամարդու մոտ իսկական պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: