Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Թբիլիսիում անցկացված ցույցերի ընթացքում իրավախախտումների համար ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Երեքշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, լռության ցույց է անցկացվել քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել ավելի քան 50 լրագրողներին, ովքեր տուժել էին երկուշաբթի օրը սեռական փոքրամասնությունների հակառակորդների ցույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ԼԳԲՏ համայնքի հակառակորդները և ավանդական արժեքների կողմնակիցները հավաքվել էին մոտակայքում գտնվող տաճարի մոտ: Ոստիկանությունը պատ է կազմել նրանց միջև, ինչպես նաև պողպատյա ցանկապատեր կանգնեցրել:
Եկեղեցու դիմաց ակցիա անցկացնողները մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական պատը, քարեր ու շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ: Ոստիկանները շատերին բերման են ենթարկել:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 100 ձերբակալվածներից 68-ին ստորագրությամբ ազատ են արձակել, իսկ 32-ը մնում են ժամանակավոր պահման վայրում:
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ոստիկանությունը նաև երկու անձի բերման է ենթարկել քրեական հանցագործության՝ լրագրողի վրա հարձակման և ոստիկանական մեքենայի ապակին կոտրելու համար: