2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ <<ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:
Այն, որ գերիների վերադարձը պետք է ապահովել ցանկացած եղանակով՝ քննարկման ենթակա չէ, բայց ինչու՞ է Ռուսաստանը փորձում սա ներկայացնել որպես լավություն հայկական կողմին՝ այն դեպքում, երբ դա իր պարտականությունն էր։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, մինչդեռ չի համարում, թե Ռուսաստանը Հայաստանի հանդեպ պարտավորություն ուներ․«Գերիների վերադարձի խնդիրը Հայաստանի խնդիրն էր։ Ռուսաստանը որևէ պարտավորություն ու պատասխանատվություն եռակողմ ձևաչափում չունի՝ ո՛չ Հայաստանի և ո՛չ Ադրբեջանի առջև։ Ինքը հանդիսանում է այս եռակողմ ձևաչափի շահառուն, բայց ոչ սպասարկողը կամ պատասխանատու կողմը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա Ղուկասյանի խոսքերով՝ Ադրբեջանն օգտագործեց այդ խաղաքարտը և առ այսօր օգտագործում է․«Երևում է, որ մեր իշխանությունները հետևողական քաղաքականություն չունեն այս հարցում։ Եթե չպետք է տային այդ քարտեզները, ապա թող չտային, եթե ուրիշ եղանակով տեսնում էին գերիների ազատ արձակում՝ պետք է դա իրականացնեին։ Թե հիմա որ տարբերակն է իրականացվում՝ շատ դժվար է ասել։ Հիմա պարզապես հարկավոր է Հայաստանում պահել Ռուսաստանի իմիջը։ Կա ագիտացիոն, քարոզչական խնդիր՝ ներկայացնելու, թե Ռուսաստանն ինչ-որ դերակատարություն ունի։ Պետք է դրական լույսի ներքո դա ներկայացնել։ Դրա համար ամեն ինչ պետք է ներկայացվի որպես Ռուսաստանի միջամտության արդյունք։ Ծիծաղելի է, որովհետև եթե Ռուսաստանը միջամտեր՝ բոլոր 190 գերիներին էլ մեկ ժամվա մեջ կվերադարձվեին։ Իսկ 64 զինվոր դեկտեմբերի 12 դեպքերի ժամանակ Խծաբերդում գերի չէին ընկնի՝ Ռուսաստանի Զինված ուժերի աչքի առաջ»։
Ըստ Ղուկասյանի՝ գերիների հարցը հայերին կարճ «պովոդոկի» վրա պահելու միջոց է, ինչը խրախուսում է Ռուսաստանը․«Եվ երբ մի քանի հոգու ազատում են՝ ասում են, որ դա Ռուսաստանի միջամտության շնորհիվ է։ Ցավոք սրտի կա մի լայն սոցիալական խումբ, որը պատրաստ է դրան հավատալ։ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ Ռուսաստանից կախման մեջ են։ Խոսքը գնում է հայ ժողովրդին, մեր հասարակությանը ճնշված պահելու անհրաժեշտության մասին, որպեսզի հարկադրեն հայերին ընդունել կապիտուլյացիայի այդ բոլոր պայմանները։ Իշխանությունները դա ընդունել են դեռևս 2018-2019 թվականներին, եթե ոչ դրանից առաջ։ Մինչև այդ պատերազմը կապիտուլյացիան արդեն ընդունել էին և՛ Սերժ Սարգսյանը և՛ Նիկոլ Փաշինյանը և՛ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդամենը հանրության մատուցման հարցն է, մատուցեցին այնպես, ինչպես տեսաք 44 օրյա պատերազմի ժամանակ, դրանից բխող հետևանքներով։ Այսինքն՝ այս գործողությունների թիրախը հանրությունն է և ոչ իշխանությունը»,-եզրափակեց նա։