ՌԴ նախագահ Պուտինը ռուսաստանցիների հետ հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձել է նաև արցախյան հարցին, նշելով, թե ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը և ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն կոնֆլիկտի շարունակմամբ: Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է եռակողմ ձևաչափերում հասնել տարիներով կուտակված բարդ խնդիրների լուծմանը, որպեսզի հաստատվի կայուն խաղաղություն, ինչից առաջինը կշահեն Արցախի բնակիչները:
Ըստ Պուտինի, անհնար է ապրել նոր կոնֆլիկտի բռնկման սպասումով: Ինչ է նշանակում կոնֆլիկտի կարգավորում, ՌԴ նախագահը սակայն կարծես թե չի հստակեցնում: Ընդ որում, չի հստակեցնում մշտապես, ոչ թե լոկ այդ ձևւաչափում անդրադառնալով հարցին: Օրինակ, ինչպես կարելի է խոսել կարգավորման մասին, եթե չի հստակեցվում Արցախի կարգավիճակը,այն էլ այնպիսին, որը Արցախը չի ենթարկեցնում Բաքվին և տալիս է միջազգային անվտանգային հուսալի երաշխիք: Այն, որ խաղաղությամբ շահագրգռված են բոլորը, ավելորդ է խոսել անգամ: Այլ հարց է սակայն, թե ում ի՞նչ խաղաղություն է բավարարում: