Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի մարզահամերգային համալիրում «Հայաստանն ընդդեմ աշխարհի» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի վերջում Վիկ Դարչինյանը կմենամարտի IBF-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թեթևագույն քաշային կարգում IBO տարբերակով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը նկատեց, որ Հայաստանում առաջին անգամ է պրոֆեսիոնալ մարտ անցկացվելու։ Այն կազմակերպելը չափազանց բարդ է ու մեծ ծախսեր է պահանջում` գրեթե 1 մլն դոլար:
Նախքան ասուլիսը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Էրատո Թագուհու սրահում հնչեց Թաթա Սիմոնյանի երգը, որի հնչյունների ներքո հայ բռնցքամարտիկը ռինգ կմտնի:
«Հայաստանն ընդդեմ աշխարհի» երեկոյի ժամանակ, նախքան Դարչինյան-Մբամբա մարտը, ռինգ դուրս կգան նաև Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը: Բռնցքամարտի երկրպագուները ականատես կլինեն նաև կանանց մարտի. նույն երեկոյի ժամանակ կմենամարտի նաև ազգությամբ հայ Ագնես Բաժանը: Մեր մարզիկները կմենամարտեն բացառապես այլազգի բռնցքամարտիկների հետ: Դեռևս հայտնի է միայն Դարչինյանի մրցակցի անունը, մյուսների անունները կհրապարակվեն վերջնական պայմանավորվածությունից հետո:
Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը նշեց, որ Վիկն արդեն լավ մարզավիճակում է և երիտասարդական ավյունով է մարզվում, արագության հետ կապված խնդիրներ նույնպես չկան:
Ասուլիսին ներկա էր նաև Դարչինյանի ֆիզպատրաստվածության մարզիչը` Ջամալը, ըստ որի՝ որ իր գործը հեշտ է. Վիկը պրոֆեսիոնալ է և ծնվել է չեմպիոն դառնալու համար: