Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի մեկնարկից առաջ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը միանգամից 6 համալրում է կատարել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատ»-ում, Պերմի «Ամկար»-ում, ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել Երևանի «Արարատ»-ից:
25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում, Երևանի «Արարատ»-ում, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Ուրարտու»-ից:
32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն քաջածանոթ է հայ ֆուտբոլասերին Գյումրիի «Շիրակ»-ում ունեցած մրցելույթներով:
«Շիրակ»-ից հեռանալուց հետո Բեկոն հանդես է եկել Սերբիայի «Պարտիզան», «Չուկարիչկի», «Վոյվոդինա», ԻՄՏ թիմերում, Ղազախստանի «Իրտիշ»-ում:
«Ալաշկերտ» է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:
«Արարատ»-ից «Ալաշկերտ» տեղափոխված փորձառու ֆուտբոլիստը 34 գոլի և 25 ասիստի հեղինակ է դարձել թիմի կազմում անցկացրած 137 հանդիպումներում:
Ազգային հավաքականում Եդիգարյանն անցկացրել է 31 խաղ՝ խփելով 1 գոլ:
22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել «Լոռի» և «Վան» ակումբներում:
31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի «Շիրակ»-ում, եղել է թիմի ավագը:
«Ալաշկերտ»-ի մարզչական կազմն է համալրել փորձառու մասնագետ Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը «Ուրարտու»-ն էր: