Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները Վիննիպեգում (Մանիտոբա նահանգ) տապալել են Մեծ Բրիտանիայի նախկին թագուհի Վիկտորյայի (1819-1901) և ներկայում իշխող Եղիսաբեթ II-ի արձանները: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Հուլիսի 1-ին երկրում նշվել է գլխավոր ազգային տոնը՝ Կանադայի օրը։ Նախկին գաղութային քաղաքականության դեմ ցույցի դուրս եկած մի խումբ անձինք հավաքվել են օրենսդիր ժողովի մոտ, որտեղ տեղադրված են արձանները։ Սկզբում նրանք ներկ են լցրել արձանների վրա, հետո պարանների օգնությամբ տապալել դրանք պատվանդանից։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կանադայում հնդկացիների երեխաների համար նախատեսված 3 նախկին դպրոց-ինտերնատների տարածքում հայտնաբերվել էին անչափահասների 1 148 անանուն գերեզմաններ։