
Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
Մահացածները կանայք են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին: