Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տնտեսական հարցերի խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ բիզնեսի համար շատ կարևոր է տեսնել կառավարող ուժի վճռականությունն ու հետևողականությունը նախընտրական խոստումներն իրագործելու հարցում: Թեև Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը անցավ տնտեսության թեմայի ակնառու ստորադասմամբ՝ քաղաքական, անվտանգային թեմաների և մեդիամանիպուլյացիաների նկատմամբ, ինչ-որ տեղ նաև իհարկե օբյեկտիվ պատճառներով, այդուհանդերձ կասկածից վեր է, որ Հայաստանի բոլոր խնդիրների և անելիքների, մարտահրավերների ու պետական քաղաքականության կարողունակության առանցքում տնտեսությունն է: Չկա տնտեսություն՝ չկա ոչինչ: Սա ոչ միայն աքսիոմատիկ է: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ «այդ հանգամանքը ավելին է, քան փաստը՝ այդպես է իրականում»: