Ազատազրկված անձինք ազատ օգտվել են ընտրական իրավունքից. Հասմիկ Հարությունյան
ՔԿՀ-ներում քվեարկության ընթացքն անցել է խաղաղ ու ազատ պայմաններում: Ազատազրկված անձինք այսօր ազատ օգտվել են ընտրական իրավունքից: Այդ մասին Մեդիա կենտրոնի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը: Դիտորդների խումբն այսօր Կարգով սահմանված մանդատի շրջանակում այցելել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: «Ընտրությունն սկսվել էր ժամը 12:00-ից, ընդհանուր 154 ընտրող կա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 131 կալանավորված անձինք, 21-ը միջին և ծանր հանցագործության համար դատապարտված դատապարտյալներ», – նշեց Հասմիկ Հարությունյանը:
Դիտարկմանը՝ արդյոք միայն «Նուբարաշեն» ՔԿՀ այցելությամբ կարելի է նույնաբովանդակ արձանագրում կատարել Հայաստանում գործող մյուս ՔԿՀ-ների մասին, Հասմիկ Հարությունյանը նշեց, «Բոլոր ՔԿՀ-ների մասով բնականաբար չենք կարող ասել, բայց Նուբարաշեն ՔԿՀ պարագայում, որպես կենտրոնական հիմնարկներից մեկը, արձանագրեցինք ազատազրկվածների ընտրելու իրավունքի անխոչընդոտ իրականացում։ Կարող եմ համեմատել 2017-ի հետ, երբ նույնիսկ հնարավորություն չունեցանք հասկանալ՝ ինչ գործընթաց է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներսում, մեզ թույլ չտվեցին մուտք գործել»:
2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ: