«Ընտրությունները անցնում էին բավական լարված մթնոլորտում։ Որոշակի քաղաքական ուժեր իրենց ավանդական մեթոդները փորձեցին կիրառել ձայներ հավաքելու համար, սակայն իրավիճակը երկրում փոխվել է այնքանով, որ թերևս առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ընտրական հանցագործությունների դեմ իրավապահ մարմինները բավականին հետևողական պայքար են մղում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ արդեն կան տասնյակ հարուցված քրեական գործեր, ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ, ինչը ցույց է տալիս, որ իսկապես երկրում իրավիճակ է փոխվում։
Միևնույն ժամանակ, ըստ Խալաթյանի, մտահոգիչ է, որ Հայաստանում կա մի սոցիալական շերտ, որը շարունակում է հանցավոր բարքերով ապրել։
Դա մի շերտ է, որը ցանկացած երկրի համար ապակայունացման համար որոշակի ռիսկեր է պարունակում։ «Միևնույն ժամանակ, դատելով վերջին զարգացումներից, Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների ջղաձիգ գործողությունները, մասնավորապես Սյունիքից, Լոռիից և այլ վայրերից ստացվող տեղեկությունները, նրանց ակնհայտ խուլիգանական պահվածքը վկայում է այն մասին, որ իրենք ևս գիտակցում են, որ թերևս իրենց պլանները չեն արդարանում և իրենք կանգնելու են ճգնաժամի առաջ՝ կամ ընդունել ընտրութունների արդյունքները, կամ գնալ հերթական ավելի խորը ապակայունացման՝ դրանից բխող բոլոր իրենց համար վատ հետևանքներով։ Պարզապես այստեղ ռիսկ է նաև այն, թե որքան բացասական կլինեն հետևանքները պետության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը այսօր սպասում է մի նման առիթի՝ շարունակելու Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան»,-ասաց Խալաթյանը։
Մեր հարցին՝ օրվա ընթացքում արձանագրված խախտումները, ահազանգերը խախտումների վերաբերյալ արդյոք այնպիսին էին, որ կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի հետևողական ջանքերի շնորհիվ նման հնարավորությունը գրեթե բացառում եմ։ Ակնհայտ է, որ իշխանությունը և առողջ ըդդիմադիր ուժերը իրավահպատակ, օրինահպատակ վարքագիծ են դրսևորում, իսկ ռևանշիստական ուժերի նկրտումները հենց բնում խեղդվում են կամ այն արդյունքները չեն ունենում, որը ցանկանում են․ «Կարծում եմ, որ նման գործընթացի շարունակման դեպքում մենք կունենանք ընտրութուններ, որի արդյունքները կլինեն միանգամայն լեգիտիմ։ Իհարկե, ամեն ինչ պարզ կլինի ընտրությունների ամբողջական պատկերը ունենալուց հետո։Այդ թվում դատախազության և իրավապահ համակարգի կողմից ամփոփ տեղեկատվություն ու դիտորդական առաքելության ամփոփ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։ Սակայն նախնական տպավորությունս դրական է»,-ասաց Խալաթյանը։
Մեր զրուցակիցը չբացառեց նաև որոշակի վտանգներ, խախտումներ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, քանի որ հանձնաժողովները մեծապես կազմված են նախկին իշխանության ներկայացուցիչներից։ բայց դրան զուգահեռ էլ՝ ապավինելով իրավապահ համակարգի զգոնությանը, դիտորդների ներկայությանը, տեսանկարահանմանը, կարելի է ասել, որ այդ վտանգը չեզոքանում է և մեծանում է լեգիտիմ ընտրություններ և արդյունքներ ունենալու հնարավորությունը։