ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատասխանել է երգի բառերով, որը հնչել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ուայզի «Երաժշտության ձայները» ֆիլմում։
Մակրոնն ու Մերկելը Բեռլինում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է երկխոսություն վարեն Ռուսաստանի հետ՝ չնայած դժվարություններին, իսկ ԵՄ-ն պետք է մշակի ընդհանուր կանոններ Մոսկվայի հետ հարաբերություններում։
«Երբ նայում եմ ԵՄ-ի անմեղության այս աբբայությանը, հիշում եմ «Մարիա» երգը սիրված՝ «Երաժշտության ձայները» ֆիլմից։ Այնտեղ այսպիսի տողեր կան․«Եվ ինչպե՞ս մենք լուծենք Մարիայի հետ կապված խնդիրը։ Ինչպե՞ս բռնենք ամպն ու պահենք ներքևում»»,-գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։ Դիվանագետը նաև հրապարակել է երգի տեսանյութն ու տեքստի ռուսերեն թարգմանության հղումը։
Հունիսի 17-ին Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ ռազմավարությունը ՌԴ-ի նկատմամբ չի մոտեցնում Մոսկվա-Բրյուսել հարաբերությունների նորմալացման հեռանկարը։ Նա քննադատել էր Մոսկվայի հետ հարաբերություններում «ետ մղելու, զսպելու ու փոխգործակցելու» ԵՄ մտադրությունը։