Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, դա մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին: