Վերջին շաբաթների ընթացքում հնարավոր է եղել թուլացնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի ապաէսկալացմանը։
«Բաքվի և Երևանի հետ սերտ համակարգում է հաստատվել արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների գծով։ Վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը։ Սահմանային վեճի կարգավորման հարցով համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն։ Խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում ենք համարում երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ այս գործընթացին շատ ակտիվ աջակցություն ցուցաբերել»,- եզրափակել է Մարիա Զախարովան։