ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կերպարը, որ ստեղծում են ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները, իրականության հետ որևէ աղերս չունի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական կառավարման բարձրագույն դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքերով՝ թեև Բայդենը կտրել-անցել է օվկիանոսը, փոխել ժամային գոտին և եվրոպական շրջագայություն անցկացրել, այնուամենայնիվ, եղել է առույգ։
«Նա լիովին թեմայի մեջ էր, ժամանակ առ ժամանակ նայում էր իր գրառումները, բայց մենք բոլորս էլ այդպես ենք անում: Բայդենը պրոֆեսիոնալ է, և նրա հետ պետք է շատ ուշադիր աշխատել, որպեսզի ոչ մի բան բաց չթողնես։ Նա՝ ինքը, ոչինչ բաց չի թողնում, հավաստիացնում եմ ձեզ։ Եվ դա ինձ համար լիովին ակնհայտ էր»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև համաձայնել է այն ասեկոսեների հետ, որ ԱՄՆ առաջնորդը երբեմն ինչ-որ բան շփոթում է, սակայն, ըստ Պուտինի, դրանում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ մարդիկ որոշ բաներ երկրորդական են համարում և ուշադրությունը չեն կենտրոնացնում դրա վրա։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ հունիսի 16-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների մթնոլորտը եղել է դրական, և իրեն ու Բայդենին հաջողվել է հասկանալ մեկը մյուսի տեսակետը առանցքային հարցերի շուրջ։