ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»։ Այս մասին նա ասել Է Sputnik Արմենիային, RT-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունները որոշակի անվստահության տարրեր են առաջացրել Մոսկվայում, սակայն չի կարելի ասել, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հասել են ինչ-որ վտանգավոր մակարդակի:
«Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այդ իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Այստեղ բավական է պարզապես վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»,-ավելացրել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ առկա է։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ Ռուսաստանի միայն բարոյական աջակցությունը կարևոր դեր կխաղա ընտրողների բավականին մեծ մասի համար․«Նաև գիտակցելով, որ Հայաստանի բնակչությունը ուզած-չուզած իր անվտանգության երաշխիքները կապում է հենց Ռուսաստանի հետ, բնականաբար փորձում է շահել այդ կարգի համակրանքը։ Նույնիսկ պարտադիր չէ, որ Կրեմլից, այլ գոնե ռուսական հանրության այն ներկայացուցիչների կողմից, որոնք հրապարակայնորեն արտահայտվում են։ Քոչարյանի այն հայտարարությունը հենց կապված է նրա հետ, որ այդ համակրանքները իր ուղղությամբ լինեն և ոչ Փաշինյանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսական էլիտայի «ամենավերևներից» Քոչարյանի կամ այլ թեկնածուի նկատմամաբ հատուկ վերաբերմունք չկա․ «Բայց եթե խոսքը գնում է առաջատար լրատվամիջոցների մասին, որոնք հասանելի են նաև Հայաստանում, ապա դրանց մեծ մասը կարելի է ասել, որ սատարում են ավելի շատ «Հայաստան» դաշինքին, քան «Քաղաքացիական պայմանագրին»։ Եվ դա արձանագրվում է ոչ միայն այս ընտրությունների ընթացքում, այլ նախորդ ամիսների, երբ դեռ ընտրությունները հայտարարված չէին»։
Դա, ըստ Նավասարդյանի, ունենում է որոշակի ազդեցություն․ «Այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի հասարակությունում բարելավվեց՝ դա մասամբ պայմանավորված է նրանով, որ իր նկատմամբ հաջողությունը Ռուսաստանի որոշ շրջանակներից զգացվում է»:
Նրա խոսքերով՝ արևմտյան և ցանկացած կարևոր արտաքին խաղացողի վերաբերմունքը ևս էական է․ «Ցանկացած արտաքին խաղացող Հայաստանի ընտրազանգվածի վրա որոշակի ազդեցություն ունենում է և այդ առումով կարելի է ասել, որ այն որոշ ազդակները, որոնք գալիս են արևմուտքից ավելի շատ Նիկոլ Փաշինյանի օգտին են, սակայն կրկնեմ՝ քանի որ Հայաստանի հասարակության համար առաջնային հարցը անվտանգությունն է այսօր, իսկ անվտանգության առումով Ռուսաստանի դերակատարությունը գոնե այս պահին անչափ ավելին է, կարծում եմ, որ Ռուսաստանից եկող ազդակներն ավելի մեծ նշանակություն ունեն մեր ընտրությունների համար»։
Այս կոնտեքստում է Նավասարդյանը նաև դիտարկում «Պատիվ ունեմ» դաշինքի մոսկովյան այցն ու հայտնի հարցազրույցը Սոլովյովին․«Եվ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց քաղաքականության մեջ շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հակառուսական քաղաքականություն էր իրականացնում, իսկ իրենք եթե գան իշխանության՝ բարելավելու են ու խորացնելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ»։