Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ:
Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է։
«Հանդիպման ժամանակ Բայդենը մոտեցավ Էրդողանին և Covid-ի կանոններին համապատասխան բռունցքը մեկնեց բարևելու համար։ Իսկ Էրդողանը անսպասելիությունից չհասցրեց ոտքի ելնել և նստած տեղից մեկնեց բռունցքը։ Ահա, այդպես է առաջացել այդ լուսանկարը։
Մինչդեռ արևմտյան մամուլը այնպես է օգտագործում Էրդողանի՝ իբրև թե Բայդենի առաջ «խոնարհված» լուսանկարը, կարծես դրանով ցանկանում են Էրդողանին ցավ պատճառել»,- գրում է թուրք լրագրողը։
Հոդվածի հեղինակը հիշեցրել է նմանատիպ մեկ այլ միջադեպ, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենք Էջևիթի հետ զրույցի ընթացքում Բիլլ Քլինթոնը չափազանց բարձրահասակ չերևալու համար հենվել էր բազմոցին։ Այդ տեսարանը պատկերող լուսանկարը թուրք ազգայնական-պահպանողական քաղաքական գործիչների կողմից խիստ քննադատության էր արժանացել։