Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածներ են խախտվում ադրբեջանական զինված ծառայողների ներկայությամբ և ներկայացնում այդ հոդվածները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` անդրադառնալով անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությանը։
Նրա խոսքով` մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածներ են խախտվում ադրբեջանական զինված ծառայողների ներկայությամբ։
«Խախտվում է կյանքի իրավունքը (կոնվենցիայի 2-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (կոնվենցիայի 5-րդ հոդված), մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (կոնվենցիայի 8-րդ հոդված), սեփականության իրավունքը (1-ին արձանագրության 1-ին հոդված), տեղաշարժի ազատությունը (4-րդ արձանագրության 2-րդ հոդված) և այլն»,–նշված է ՄԻՊ-ի գրառման մեջ։
Նրա խոսքով` նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: