Reuters-ը հայտնում է, որ Amazon-ի բրիտանական կայքում ոստիկանական մահակների և բեյսբոլի զարկիչների վաճառքը աճել է 5 000 տոկոսով: Հասարակ ոստիկանական մահակը, որ մեկ օր առաջ վաճառքների ցուցակում 5622-րդ տեղում էր, այսօր` 110-ն է, իսկ ալյումինե բեյսբոլի զարկիչը ութերորդ տեղում է:
Ոստիկանական մահակի մեկ այլ տեսակի վաճառքը աճել է 19 357 տոկոսով, ինչի հետևանքով այն 40 278-րդ տեղից դարձել է երկրորդը: Առաջին տեղում ծալովի սակրավորի բահն է, որի վաճառքը աճել է 239 000 տոկոսով:
Պատճառը պարզ է. օգոստոսի 4-ին Մարք Դագգանի սպանությունը Լոնդոնի Տոտենհեմ թաղամասում առաջացրեց անկարգություններ, որոնք տարածվեցին նաև այլ քաղաքներում, ինչից հետո վարչապետ Դեվիդ Քեմերոնը թույլատրեց ոստիկանությանը ջրանետներ օգտագործել: Նա նաև խոստացել է ոստիկանությանը տրամադրել անկարգությունները ճնշելու համար «ցանկացած միջոցներ»:










































