Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի գիտնականները պարզել են, թե կարանտինն ինչպես է ազդում մարդու կենսահոգեբանական տարիքի վրա: Ուսումնասիրությունը հրապարակել է «Ժամանակակից արտասահմանյան հոգեբանություն» ամսագիրը:
Գիտնականները երկար ժամանակ վերլուծել են մարդկանց կենսահոգեբանական տարիքը, այսինքն՝ մարդու ընդհանուր վիճակը, նրա սոմատիկ և հոգեբանական առողջությունը, ինչպես նաև անձնական և ֆիզիկական հատկությունների հարաբերակցությունը տարիքային նորմերի հետ: Կենսահոգեբանական վիճակը նկարագրելու համար օգտագործվել են երկու սանդղակներ՝ կենսաբանական տարիքը և հոգեբանական տարիքը:
«Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վեց ամիս կարանտինային միջոցառումներից հետո աշխատող հարցվածների մեծ մասը իրենց օրացուցային տարիքից սուբյեկտիվորեն ավելի երիտասարդ է զգացել և ավելի երիտասարդ, քան մեկ տարի առաջ՝ մինչ կարանտինը», – ասել է համալսարանի պրոֆեսոր Տատյանա Բերեզինան:
Մեծահասակ կանայք զգացել են 3,3 տարով երիտասարդ, թոշակառու կանայք՝ 7,2 տարով երիտասարդ, հասուն տղամարդիկ՝ 6,8 տարով երիտասարդ, իսկ թոշակառու տղամարդիկ՝ 4,7 տարով երիտասարդ: