Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվել են

Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ է վերացրել: Սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնում են ուժի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:

Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ մեծամասշտաբ սոցիալական միջոցառումների՝ հարսանիքների, թաղման արարողությունների, տարեդարձերի և այլ միջոցառումների անցկացման արգելքը: Ըստ կանոնակարգերի` միջոցառմանը մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

Վրաստանում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում պարտադիր է դիմակ կրելը: Կարգը խախտելու համար անձը տուգանվում է 20 լարիով, կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 40 լարի։

Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր է լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել:

Վրաստանում դեռ չեն գործում խաղատներն ու գիշերային ակումբները: