
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան, որտեղ իրականացրել է քարոզչական երթեր։
Ինչպես տեղեկացրին «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից, քաղաքացիները դիմել են դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով, մասնավորապես, կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախ նշել է. «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր»։
Բնապահպանական խնդիրներին անդրադառնալով՝ Անդրիաս Ղուկասյանն ընդգծել է. «Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»։