
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Վահագնի թաղամասում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ թաղամասում ռեստորանային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։