
Ղրղզստանը ողջունում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դերակատարության աճը, նախօրեին Անկարայում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը, որը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչ է նշանակում ողջունել Թուրքիայի միջազգային դերակատարության աճը: Դա նշանակում է ողջունել նաև Արցախի դեմ պատերազմը, որովհետև դա տեղի է ունեցել մի կողմից Թուրքիայի միջազգային, առնվազն ռեգիոնալ դերի աճի հետևանքով, մյուս կողմից դրանով Թուրքիան էլ ավելի է մեծացրել իր միջազգային դերը՝ առանցքային դերակատարում ստանձնելով նաև Կովկասում, որտեղ մինչ այդ ըստ էության ներկա չէր կամ ներկա էր շատ ավելի նվազ տրամաչափով: Այդպիսով, ՀԱՊԿ ու ԵՏՄ կառույցներում Հայաստանի այսպես ասած դաշնակից շրջանակ ներկայացնող Ղրղզստանը ողջունում է Հայաստանի և Արցախի դեմ թուրքական ագրեսիան, թեև դա իհարկե անում է ոչ ուղիղ ձևակերպումով կամ փաթեթավորումով: Իհարկե, Ղրղզստանն այդ քայլը անում է ոչ թե Հայաստանի դեմ, այլ իր համար, նախապատրաստվելով Կովկասից հետո Թուրքիայի կենտրոնասիական «արշավին» և փորձելով ստեղծել դրանից շահելու կամ առնվազն չտուժելու նախադրյալներ:
Հետևաբար, Հայաստանի խնդիրը Ղրղզստանին բողոքի նոտա հղելը կամ Ղրղզստանի հետ հարաբերությունը փչացնելը չէ: Հայաստանի խնդիրը աշխարհաքաղաքական միտումների մասին խորհելն է, այդ թվում այն մասին, թե ինչ այսպես ասած տնտեսա և ռազմա-քաղաքական անվտանգային միջավայրում ենք, որտեղ հայտնվել ենք այսօր հակաթուրքական ռազմա-հայրենասիրական կարգախոսներով կոկորդ պատռող քաղաքական և այլ միավորների գործուն աջակցությամբ: Խոսքը եվրասիա-թյուրքական միջավայրի մասին է, որ Հայաստանին պարտադրվել է իբրև դաշնակցային միջավայր, բայց որում գոյություն ունեցող իրական տրամաբանության հերթական դրսևորմանը դառնում ենք ականատես Ղրղզստանի նախագահի թուրքական այցի հետևանքով:
ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ Ղրղզստանը կանաչ լույս է վառում կենտրոնասիական ռեգիոն Թուրքիայի ճանապարհին, որտեղ Անկարան փորձելու է պարտադրել իրեն, իսկ Միացյալ Նահանգները չի խոչընդոտելու դրան, քանի որ Անկարայի այդ միտումը ճնշում է թե Ռուսաստանի, թե առավել ևս Չինաստանի ուղղությամբ: Սա նշակում է, որ Պեկինն էլ գնալու է Անկարային ընդառաջ, այդպիսով մի կողմից փորձելով պայմանավորվել Թոււրքիայի հետ, մյուս կողմից՝ իր հերթին ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա: Ամենաբարդը լինելու է Թուրքիայի հետ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի պայմանավորվելը: Իսկ սա նշանակում է, որ ռուս-թուրքական բալանսը շարունակելու է խախտվել Թուրքիայի օգտին, դրանով իսկ բավականին բարձրացնելով ռիսկերը նաև Հայաստանի համար, որը ռուս-թուրքական հարաբերության «վայրիվերումների» առաջնային ու մշտական թիրախ է: Ղրղզստանի նախագահի Թուրքիա այցն ու հայտարարությունները այդ իմաստով Հայաստանի համար պետական քաղաքականության արդիականացման և բազմաշերտության մեխանիզմների կենսունակության բարձրացման հերթական հրամայականն են՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների մշակման համատեքստում: