ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

Չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«2021 թվականի հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:

Զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության մի շարք հարցեր: