ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերություններում երկակի մոտեցումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի ղեկավարը։
«Մենք համաձայնել ենք երկակի մոտեցման անհրաժեշտության հարցում՝ արտաքին պաշտպանություն և երկխոսություն Ռուսաստանի հետ։ Ես ողջունել եմ Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման միջոցառուների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի՝ 5 տարով երկարաձգումը։ Մենք նաև խոսել ենք սպառազինության նկատմամբ վերահսկողության և Ռուսաստանի հետ բանակցությունների կարևորության մասին»,-ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Այն անհրաժեշտ է՝ լավագույն հարաբերությունների հասնելու համար։
Նա նաև ողջունել է այն փաստը, որ Բայդենը Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ կհանդիպի ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հետ։