Իսպանիան բացվել է պատվաստված զբոսաշրջիկների առջև, բայց՝ ոչ բոլորի

Իսպանիան իր սահմանները բացում է հունիսի 7-ին՝ երկուշաբթի օրվանից, Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից արտոնագրված Pfizer, Modern, AstraZeneca և Janssen պատվաստանյութերով, ինչպես նաև չինական Sinopharm և Sinovac-Coronavac-ով պատվաստված ճանապարհորդների համար, հաղորդում է RTVE:

Իսպանիա մուտք գործելու համար ճանապարհորդները պետք է հաստատեն, որ պատվաստանյութի վերջին դոզան ստացել են ժամանումից առնվազն 14 օր առաջ՝ համաձայն առողջապահության և ՆԳ նախարարությունների կողմից տրված հրամանի: Այնուամենայնիվ, երկիրը փակ է Բրազիլիայից, Հնդկաստանից և Հարավային Աֆրիկայից ժամանած զբոսաշրջիկների համար՝ այնտեղ COVID-19 նոր շտամներով մեծ թվով հիվանդացությունների պատճառով:

Նաև Իսպանիան հասանելի կդառնա ճամփորդական նավերի համար: Բացի դրանից՝ պետությունը վերանայել է մուտքի սանիտարական պահանջները, այժմ կարելի է այնտեղ մտնել՝ կատարելով ԵՄ կողմից հաստատված հակամարմինների թեստ: Նախկինում սահմաններին ընդունվում էին միայն PCR թեստերը:

Օդային կամ ծովային ճանապարհով Իսպանիա ժամանող բոլոր ուղևորները նախ պետք է լրացնեն բժշկական հսկողության ձևը Spain Travel Health վեբկայքի կամ հավելվածի միջոցով: Դրանից հետո նրանք կստանան QR կոդ, որը պետք է ներկայացվի նախքան ինքնաթիռ կամ նավ նստելը, ինչպես նաև՝ ժամանելուն պես: