Զելենսկին «Հյուսիսային հոսք 2» գազատարն անվանել է Ռուսաստանի «զենքը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Հյուսիսային հոսք 2» ռուսական գազատարն անվանել է «Կրեմլի զենք», իսկ ԱՄՆ-ի կողմից գազատարի դեմ պատժամիջոցներ չսահմանելը զարմացրել է նրան: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է Axios-ին տված հարցազրույցում:

Այդպես է Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու մասին Սպիտակ տան որոշումը:

«Ցավոք, սա միանշանակ Ուկրաինային աջակցելու նպատակ չունի: Այդ պատճառով ես ասացի, որ իսկապես զարմացել եմ: Իրականում ես կարծում էի, որ «Հյուսիսային հոսք 2»-ի մասով ԱՄՆ-ն, այսպես ասած, վերջին հենակետն էր մնում», – նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը չէր սպասում, որ «Հյուսիսային հոսք 2»-ի տեսքով «ռուսական զենքի» համար փամփուշտներ «կարող է տրամադրել այնպիսի հզոր երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»: Զելենսկին մտավախություն է հայտնել, որ սրա պատճառով ուկրաինացիների վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ կարող է մեծապես թուլանալ:

Ուկրաինայի ղեկավարը նաև հայտնել է, որ պատժամիջոցների չեղարկման մասին իմացել է մամուլից, այլ ոչ թե ամերիկյան իշխանություններից, որոնք Ուկրաինային ուղիղ ազդանշաններ էին տվել ռուսական գազատարի վերաբերյալ․ սա նրա համար դարձել է երկրորդ «անակնկալը» այս հարցում:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 4-ին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսքի 2» գազատարի առաջին գծի շինարարությունն ավարտված է, իսկ երկրորդը պատրաստ կլինի 1․5-2 ամսվա ընթացքում: