Զելենսկին հայտնել է, թե որքան կարևոր է Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է անհապաղ լուծվի, քանի որ երկրի անկախությունը վտանգված է: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Axios-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Գործակալությունը նշում է, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հիասթափություն էր հայտնել, որ Դաշինքը Կիևից պատվիրակություն չի հրավիրել այդ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ եթե ՆԱՏՕ-ում մեզ ողջունում են, եթե նրանք իսկապես ուզում են մեզ տեսնել իրենց անդամների շարքում, ապա իմաստ չունի հեռադիտակով նայել ինչ-որ հեռավոր ապագայի և քննարկել ապագան: Հարցը պետք է անհապաղ լուծվի: Հիմա մենք վտանգի տակ ենք, վտանգված է մեր անկախությունը, և հենց հիմա է մեզ օգնություն հարկավոր», – ասել է Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով ՝ Կիևն, ի վերջո, կմտնի ՆԱՏՕ, բայց երկրի քաղաքացիները, Զելենսկիի խոսքով, ավելի քիչ են հավատում դրան։

Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ են կատարվել՝ ամրապնդելով դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ երկրի ուղղվածությունը։ Ուկրաինան դարձել է 6-րդ պետությունը, որը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով։ Սակայն ըստ փորձագետների՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Կիևը չի կարող ՆԱՏՕ-ի անդամության հավակնել։