«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը
Երբ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածում տեղակայվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, ԱՄՆ-ի արձագանքը հարաբերական էր: Թեև պետքարտուղարությունը հաստատում է իրավիճակի լիցքաթափման նպաստելու ԱՄՆ պատրաստակամությունը, բայց արված առաջարկին կոնկրետ արձագանք չկար: Ձեր կարծիքով ԱՄՆ-ն պատրա՞ստ է ընդառաջաջել Փաշինյանի առաջարկին և դիտորդներ ուղարկել:
Ես մտահոգ եմ, որ պարոն Փաշինյանը այս առաջարկն անելով, որ Ֆրանսիան և Ամերիկան դիտորդներ կամ զորքեր ուղարկեն, դա ավելի բարդացնում է իրավիճակը ևա վելի է վտանգում մեր երկրի անվտանգությունը, որովհետև շատ հստակ է, որ Ռուսաստանն իր վրա է վերցրել սահմանի անվտանգությունը և չի ուզում, որ որևէ ուրիշ երկիր խառնվի այդ հարցերին: Պարոն Փաշինյանը մեծապես սխալվում է՝ կարծելով, որ Ամերիկան, կամ Ֆրանսիան, կամ որևէ այլ երկիր պետք է զորքեր ուղարկեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Վարչապետը չի հասկանում, որ այդ երկրները ոչ մի հետաքրքրություն չունեն, որ իրենց իրենց զինվորները վտանգի ենթարկեն ու զոհեն Հայաստանի ու Ադրբեջանի համար: Ճիշտ հակառակը, Ամերիկան շուտով իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից, Սիրիայից: Երբ դուրս են գալիս և զորքերը վերադարձնում են Ամերիկա, չի կարելի մտածել, որ Ամերիկան հակառակ ուղղությամբ զորք պետք է ուղարկի: Դա անկարելի բան է: Մենք տեսնում ենք, որ վարչապետը գնաց Փարիզ ու Բելգիա, իրեն շատ լավ ընդունեցին որպես Հայաստանի ղեկավար, շատ լավ խոսքեր ասացին, որ մենք Հայաստանի կողքին ենք, ազերիները պետք է դուրս գան ՀՀ տարածքից, բայց մենք տեսնում ենք, որ գեղեցիկ խոսքերից անդին նույն Մակրոնը պատրաստ չէ որևէ բան անելու, միայն խոսում է: Մենք պետք է չխաբվենք այդ խոսքերին՝ ասելով, որ Ֆրանսիան մեր կողքին է: Եթե Ֆրանսիան իսկապես մեր կողքին է ոչ միայն խոսքով, այլև գործով, առնվազն մի հատ խաղաղապահ զինվոր թող ուղարկի սահման:
Ֆրանսիան մեզ առաջարկում էր դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Հայաստանը չպե՞տք է շահագրգիռ լիներ այս հարցում:
Եթե Ֆրանսիան իսկապես ուզում էր այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանի, ինչու այսքան ընթացքում դեռ չի տարել: Մենք ևս մեկ անգամ տարվում ենք այդ խոստումներով, գեղեցիկխոսքերով, բայց ոչ մի գործնական քայլ չկա, պարզապես մեզ ասում են՝ մենք ձեր կողքին ենք, էս կանեմ, էն կանեմ, բայց ոչ մի բան չի անում: Դեռ մի կողմ դնենք զորքեր ուղարկելու հարցը, ՄԱԿ-ի ԱԽ տանելու համար ոչ մի զորքի կարիք չկա, ոչ մի զինվոր վտանգելու հարց չկա: Նույնիսկ եթե Ֆրանսիան այդ քայլն անի, Դա լրիվ անօգուտ մի բան է, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 երկրներից, որոնցից 5-ը մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք: Եթե այդ 5 երկրներից մեկը վետո դնի, այդ որոշումը ջրվում է: Նույնիսկ եթե հրաշք պատահի և Ֆրանսիան հարցը մտցնի ՄԱԿ-ի ԱԽ և մեծամասնությունը կողմ քվեարկի համապատասխան բանաձևին, այդ բանաձևը ոչ մի արժեք չունի մեզ համար, նույնիսկ եթե որոշեն, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքներից: Ադրբեջանը կասի՝ դա ձեր գործը չի, մենք կանենք այն, ինչ ուզում ենք անել: Ինչպես վերջերս Ադրբեջանի նախագահի խոսնակն ասաց՝ դա Ֆրանսիայի գործը չի, նա իրավունք չունի խառնվելու այս գործին: Մենք լավ գիտենք, որ 1990-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև ընդունեց՝ պահանջելով, որ հայկական զորքերը դուրս գան Ադրբեջանի տարածքներից, բայց հայկական կողմը անտեսեց այդ որոշումները: Անցել է շուրջ 25 տարի և որևէ քայլ չի արել ՄԱԿ-ը իր որոշման հիման վրա: Մենք պետք է իմանանք, որ այսպիսի քայլ անելով վարչապետը ավելի է վնասում մեր ազգի շահերին, ավելի հեռացնում է Ռուսաստանին մեր կողմնակիցը լինելուց և ավելի նվազ կարող են օգտակար լինել մեզ այդ պայքարներում: