«Բանավեճը շատ ճիշտ հարթակ է՝ ներկայացնելու քո քաղաքական ծրագրերի, գաղափարների առավելությունները մրցակցի նկատմամբ։ Արևմտյան ժողովրդավարական երկրներում բանավեճը նախընտրական արշավի կարևորագույն տեխնոլոգիաներից մեկն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով քաղաքական ուժերի՝ բանավեճից հրաժարվելու հայտարարությունների մասին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքերով՝ որոշ երկրներում դա քաղաքական ավանդույթով պարտադիր է․ «Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների պարագայում բոլորս տեսանք, որ նախագահի թեկնածուները նախ սեփական կուսակցության մեջ են բանավեճի մասնակցում, իսկ վերջում՝ արդեն նախագահի թեկնածուները մի քանի անգամ տարբեր հեռուստաընկերությունների եթերում են բանավիճում։ Նույնը նաև Եվրամիության անդամ երկրների՝ կուսակցության ղեկավարների, քաղաքապետերի թեկնածուների միջև է տեղի ունենում։ Բանավեճը՝ կարևորագույն գործոններից մեկն է տեսակետը ներկայացնելու համար։ Բայց սա արևմտյան ժողովրդավարական երկրներում։ Հայաստանում նախկին 30 տարվա մեջ բանավեճը ձևական նշանակություն է ունեցել, որովհետև այն չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունները կեղծվել են։ Արևմուտքում բանավեճն էականորեն ազդում է ընտրությունների արդյունքների վրա։ Օրինակ ՝ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ, բանավեճի արդյունքում չկողմնորոշված ընտրազանգվածն այս կամ թեկնածուի օգտին է կողմնորոշվում։ Եվ դա թելուզ մեկ կամ հինգ տոկոսով նշանակություն է ունենում վերջնական արդյունքի վրա»։
Բադալյանի դիտարկմամբ՝ բանավեճն իր դերակատարությունը Հայաստանում ինչ-որ չափով ունեցավ 2018 թվականին․ «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ բանավեճ տեղի ունեցավ կուսակցությունների առաջնորդների միջև։ Փորձ արվեց դա ներմուծել որպես տեխնոլոգիա, որի արդյունքները պետք է ազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմա այդպես չի լինի։ Բանավիճելու խնդիր այս պահի դրությամբ իրենց առջև չեն դնում իշխանությունների հիմնական մրցակիցները։ «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ ղեկավարը, «Պատիվ ունեմ»-ը , ինչպես նաև առաջին նախագահը չեն ցանկանում բանավիճել, ինչպես վերջինս է ասում՝ ազգակործան պատուհասի հետ։ Կարող ենք ասել, որ տվյալ իրավիճակում բանավեճից խուսափելը ոչ ոքի էլեկտորատի վրա չի ազդելու։ Իշխող քաղաքական ուժի ու նրա հիմնական մրցակիցների միջև անտագոնիզմն այնքան ուժեղ է, որ բանավեճը ոչինչ չի փոխելու։ Նրանց համակիրները նույնիսկ կարող են բացասական ընկալել այդ մարդու հետ հարաբերվելը։ Երբ մենք կարդում ենք տվյալ քաղաքական ուժերին աջակցող ինտերնետ կայքերը, նրանց աջակցող լրագրողները՝ նրանք բավականին մեծ քննադատությամբ են խոսում վարչապետի մասին։ Նույնը նաև վարչապետի կողմնակիցները։ Այդ անտագոնիզմն այնքան ուժեղ է, որ դա որևէ խմբի վրա բացասաբար չի անդրադառնա։ Եթե երկրորդ նախագահը հրաժարվում է բանավիճել վարչապետի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ապա դա հաստատ ընտրազանգվածի մոտ իր վարկանիշը չի պակասեցնի։ Նույնը կարող եմ ասել նաև ՔՊ փաստացի ղեկավարի ընտրազանգվածի դեպքում։ Եթե նա չբանավիճի, ապա իր ընտրազանգվածի մոտ իր վարկանիշը չի պակասեցնի»։
Քաղտեխնոլոգի փոխանցմամբ՝ խոսքը ուղղակի բանավեճի մասին է, անուղղակի կերպով քաղաքական ուժերն արդեն իսկ բանավիճում են․ «Ինչ վերաբերում է առկա մթնոլորտին, ապա ցանկալի կլիներ, որ այն լավը լիներ։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,-եզրափակեց նա։