Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպմանն ընդառաջ հայտնի են դարձել նրանց քննարկման թեմաները: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր պաշտոնակից Ջո Բայդենի հետ պատրաստվում է քննարկել ռազմավարական կայունության, շրջակա միջավայրի, COVID-19-ի համաճարակի, ինչպես նաև թեժ կետերում հակամարտություններին առնչվող հարցեր:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է գտնեն երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղիներ, որոնք ծայրաստիճան ցածր մակարդակի են:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցով ավագ տնօրեն Էրիկ Գրինն էլ հայտարարել է, որ Ջո Բայդենը պատրաստվում է Պուտինի հետ քննարկել այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը դրել է ամերիկյան դիվանագիտական պլատֆորմի վրա: Օրակարգում կլինեն նաև թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Աֆղանստանը, Բելառուսը, Արկտիկան և կլիմայական փոփոխությունները: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 16-ին: