
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը
Տիկին Չոբոյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ և Բրույսել և Մակրոնի կարևոր հայտարարությունները՝ Սյունիքի ու ռազմագերիների հետ կապված:
Ընդհանուր առմամբ, ես Եվրոպայից որևէ ակնկալիք չունեմ: ԵՄ-ի դիրքորոշումը շատ հստակ է, որովհետև Ադրբեջանի հետ ուժանյութի վերաբերյալ համաձայնություններ կան ԵՄ-ի նոր տեսլականի մեջ: Այնպես որ ես հույս չունեմ, որ Եվրամիությունը պետք եղած կամքը ունենա որևէ բան պահանջելու Ադրբեջանից: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, այո, մինչև հիմա Ֆրանսիան շատ հստակ կերպով իր դիրքորոշումը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականության և գերիների վերադարձի առնչությամբ: Այստեղ մի փոքր սահանք գոյություն ունի. նա առաջին անգամ խոսել է ականապատված տարածքների մասին, որը Ադրբեջանի կողմից որպես պայման էր դրված Հայաստանի առջև անուղղակի ձևով: Նաև առաջին անգամ նախագահը խոսեց իսլամական մշակութային ժառանգության պահպանման խնդրի մասին, որը չգիտեմ, թե ինչին է համապատասխանում, ինչ նկատի ունեն թե Ադրբեջանը, թե Ֆրանսիայի իշխանությունները: Այս երկու կետերից զատ Ֆրանսիայի դիրքորոշումն ընդհանրապես դրական է, բայց այս երկու հավելյալ կետերը մտահոգության տեղիք են տալիս, որովհետև կարծեք թե Ֆրանսիան ստացել է իր ուզածը, այսինքն Մինսկի խմբի վերականգնումը: Դրանից հետո Ֆրանսիայի դիրքորոշումը կլինի ավելի երկու կողմերի միջև հավասարակշռված: Մենք պատճառներ ունենք մտահոգվելու, որ սրանից հետո իմ նշած ուղղությամբ կգնա Ֆրանսիայի դիրքորոշումը: Իմ եզրակացությունը սա է վերջին այցելությունների վերաբերյալ:
Բացի այդ, հայտարարությունը, որ արել է Եվրոպական խորհրդի նախագահ Ժառլ Միշելը, իմ կարծիքով շատ տկար հայտարարություն է և կրկին հավասարության նշան է դրվում նախահարձակի և հարձակման ենթարկված զոհի միջև:
Ինչպե՞ս եք գնահատում Փարիզում բողոքի ցույցերը, որ փրձում էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ: Ի վերջո, սա պաշտոնական այց էր Ֆրանսիայի նախագահի հրավերով: Արդյոք ՀՀ վարչապետը պետք է հրաժարվեր այդ այցից:
Ես իսկապես չգիտեմ, թե ով էր նախաձեռնողը այդ ակցիաների: Իմ կարծիքով այս այցելությունը միայն նախընտրական պատճառներ չուներ, բայց նաև կարծում եմ, որ շատ հաջող գործողություն չէր, որովհետև այն մի փոքր ուշացած է: Այս այցելությունը պետք է լիներ պատոերազմից հետո, այսինքն մի քանի ամիս առաջ, կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից Սյունիք ներխուժելու վերջին դեպքերից առաջ: Որովհետև այս պայմաններում կարելի կլիներ Հայաստանի համար իր շուրջ սեղմված օղակը թուլացնել: Այսօր մի քիչ ուշ է, որովհետև Ֆրանսիայի դիրքորոշումն էլ փոփոխության է ենթարկվել վերջին օրերին: Հակասություն կա Ֆրանսիայի նախագահի գործածած և ԱԳՆ միջև: Նախագահն ավելի համարձակ է խոսում, հայամետ դիրքորոշումներ է հայտնում: Ցավով արձանագրում եմ, որ այդ կարևոր ամանակահատվածը բաց ենք թողել և նոր կացության առջև ենք կանգնելու: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիացնի, պետք է զանազան ուղղություններով գործի: Իսկ երբ ասում էի, որ այս այցելությունն այնքան էլ հաջող չէ, նկատի ունեմ ժամանակի խնդիրը, այսինքն ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր պետք է անես: Օրինակ, Ադրբեջանի զորքերի Հայաստանի տարածքումն գտնվելու ժամանակ սպասել և առաջարկել, որ ռուսները կամ ՀԱՊԿ-ի ուժերը գան, այդ ամենը Հայաստանի համար ժամանակի կորուստ են: Այս խնդիրը պետք էր շատ ավելի մեծ ձևով պայթեցնել, բայց անշուշտ, փաստ է, որ իշխանությունները Հայաստանում տկարացած են, պետական համակարգը թույլ վիճակում է: Այնպես որ, արդյունքը սա է:
Այսինքն պետք էր շատ արագ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհո՞ւրդ, քանի որ այս առումով կար նաև Ֆրանսիայի աջակցությունը:
Այո, երբ Ֆրանսիան դա առաջարկեց, անմիջապես պետք էր այդ քայլին գնալ: Ես չեմ կարող շատ մոտիկից հետևել այս զարգացումներին, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ: Ես, օրինակ, չգիտեմ, թե այսօր ՄԱԿ-ին դիմելը Ռուսաստանի կողմից ինչ արձագանքի կարժանանա: Համենայնդեպս, Հայաստանը պետք է զանազան ուղղություններով աշխատին արտաքին քաղաքականության մեջ: Պետք է ներգրավել ԵԱՀԿ-ն, որը սահմանազատման և սահմանագծման գործունեության մեջ փորձառություն ունի: Այս ամենը միատեղ անելով Հայաստանի դիվանագիտությունը ավելի շատ խաղաքարտեր կունենա, քան եթե միայն մեկ ուղղությամբ աշխատի: