Ռուսաստանը և Վիետնամը շփումներ կունենան Վիետնամում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության հարցով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը «հետաքրքրված է այն երկրների հետ շփումներով», որոնք ցանկություն կհայտնեն իրենց մոտ արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ:
«Վստահ եմ, որ շփումներ են հաստատվում նաև վիետնամական կողմի հետ այն հարցի շուրջ, որպեսզի քննարկվի արտադրության մեկնարկի հեռանկարը»,- ասել է Պեսկովը:
Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կզեկուցեն այն երկրների մասին, որտեղ արդեն մեկնարկում է ռուսական պատվաստանյութերի արտադրությունը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հանրապետությունում կորոնավիրուսի արտադրության հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հույս է հայտնել: Ռուսական Sputnik V պատվաստանյութը Վիետնամում պաշտոնապես գրանցված երկու պատվաստանյութերից մեկն է: Դրանցից մյուսը բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութն է: