Իրանն ու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից։ Այս երկու երկրները խոշոր պարտք ունեն, որը չեն մուտքագրել կազմակերպության բյուջե։
Վճարումները չեն արվել 2 տարի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով նամակին, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզքըրին։
Վճարումների չափը սահմանվում է՝ ըստ երկրի տասնամյա շրջանում ՀՆԱ միջին ցուցանիշի՝ հաշվի առնելով բնակչության շնչին բաժին ընկնող եկամուտն ու արտաքին պարտքը։ Այսպիսով՝ Իրանը պետք է վճարի 16 251 298 դոլար, մինչդեռ ԿԱՀ-ը՝ 29 395 դոլար։
Ըստ առկա տեղեկությունների՝ վճարումներիի հետ կապված պարտքեր ունեն ՄԱԿ-ի անդամ 5 պետություններ՝ Իրանը, ԿԱՀ-ը, Կոմորյան կղզիները, Սոմալին, Սան-Տոմե և Պրինսիպին։ Իրանից ու ԿԱՀ-ից բացի, մյուս երկրները կպահպանեն ձայնի իրավունքը մինչև 75-րդ նստաշրջանի ավարտը։ Նշվում է, որ ՄԱԿ-ի անդամը Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից զրկվում է, եթե պարտքը կազմում է 2 տարվա համար նախատեսված վճարի չափը։