Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաընկերությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը:

Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունները ներկայացնող նախագահների հետ, որոնցից ոչ մեկի օրոք 2 երկրների միջև նման լարվածություն չի եղել: Բայդենին նախորդողների օրոք դժվարություններ չեն եղել նաև հանդիպումների և հեռախոսազրույցների կազմակերպման հարցում:

Նշելով, որ երկու երկրների լարվածության խորացման պատճառը Հայոց ցեղասպանության հարցն է՝ Էրդողանը հետևյալ շեշտել է. «Արդեն զզվել ենք՝ սպասելով, թե ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն հայերի վերաբերյալ ինչ կասի: Լավ, բան ու գործդ վերջացրել ես ու հայերի փաստաբանությո՞ւնը պիտի անես: Թողնենք այդ գործը պատմաբաններն անեն: Սա քաղաքական գործիչների գործը չէ, թող պատմաբանները, իրավագետները, մարդաբաններն աշխատեն, որից հետո մեր առջև դրված արդյունքի վերաբերյալ մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, անենք մեզ վիճակվածը: Սակայն այս պահին, երբ որևէ բան դեռ չկա, բռնում ու հարցը օրակարգ եք բերում»:

Թուրքիայի նախագահը, այնուհետև անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հետևյալ պնդումներն է արել. «Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր խնդիրը լուծեց (բառացի՝ ինքն իր պորտը կտրեց): Հիմա այստեղ ընդհանրապես որևէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում: Եթե ինչ-որ բան ունեք ասելու, ինչ-որ բան կա, որ ցանկանում եք անել, եկեք, որպես ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից ու գործընկեր, ասեք՝ այսինչ բանն ենք ուզում անել, այնինչ բանն ենք ուզում անել, և մենք էլ կխոսենք: Բայց նման բան չկա: Միանգամից ելնում և մեր առաջ դնում ես այսպես կոչված ցեղասպանության հարցն ու քո ուզած որոշումն ընդունում: Քեզ նախորդած ԱՄՆ ղեկավարները, ի՞նչ է, քո չափ չէին հասկանում էս գործից: Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի արել, մի մասը «Մեծ եղեռն» է ասել, մի մասն էլ՝ շատ այլ տարբեր բաներ, բայց ոչ երբեք այդ տերմինը»:

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» տերմինի կիրառումը բխում է այլ պատճառներից, Էրդողանը հետևյալ կերպ է պատասխանել.

«Մենք այդ ամենին արդեն վարժվել ենք, միշտ նման բաներ են անում: Թուրքիան գաճաճ պետություն չէ, մենք Թուրքիայի Հանրապետություն ենք: Նրանք, ովքեր Թուրքիային այս կերպ նեղն են գցում, կարևոր բարեկամ են կորցնում»: