
Ֆրանսիան ԱՄՆ կուղարկի Ազատության նոր արձան՝ որպես ժեստ ցուցադրելու երկու երկրների պատմական կապերը: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Politico- ն:
Նշվում է, որ արձանը կուղարկվի հունիսի 7-ին, իսկ Նյու Յորք կհասնի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը: Այն զգալիորեն ցածր կլինի առաջին արձանից՝ ընդամենը 2.83 մետր բարձրությամբ:
Ինչպես հայտնի է, Նյու Յորքի Ազատության արձանը ևս Ֆրանսիայի նվերն է ԱՄՆ անկախության առաջին հարյուրամյակի առթիվ։
«Մենք ցանկանում էինք վերականգնել կապը ֆրանկո-ամերիկյան այս պատմության հետ»,- ասել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը՝ ավելացնելով, որ Ազատության արձանը «ազատության կրկնակի խորհրդանիշն է»:
Ազատության նոր արձանի գաղափարը ծագել է 2019-ի հուլիսին: Այն նպատակ ունի ցույց տալու Միացյալ Նահանգներին, որ «Ֆրանսիան հավատարիմ է մնացել բարեկամության ոգուն» երկու երկրների միջև իրենց ընդհանուր պատմության ընթացքում: Ֆրանսիան անկախության համար Անգլիայի դեմ պատերազմում սատարել է ապագա Միացյալ Նահանգներին:
Նախագիծը հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով և վերսկսվել ձմռանը:
Նոր հուշարձանը կտեղադրվի Վաշինգտոնում՝ Ֆրանսիայի դեսպանի նստավայրի պարտեզում: Այնտեղ այն կմնա 10 տարի: