Ռուսական ֆուտբոլի 18-ամյա աստղ, Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի Եվրո-2020-ին։ Այս ամսվա սկզբին Զախարյանը ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում: Մասնավորապես, Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել էր այն ֆուտբոլիստներին, որոնք ուսումնամարզական հավաքով պետք է նախապատրաստվեն Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Հիշեցնենք, որ Զախարյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջերս մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին դառնալով նաև գոլի հեղինակ։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Ռուսաստանի ազգային հավաքականում պաշտոնական հանդիպման մասնակցելու պարագայում Զախարյանն այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Այս ամենը բնականաբար քաջ գիտակցում է Չերչեսովը։ Զախարյանը կարող էր դառնալ Եվրո-2020-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ ամենաերիտասարդը։
Խաղադաշտ դուրս բերելով Զախարյանին՝ Չերչեսովը մեկընդմիշտ կզրկեր Զախարյանին Հայաստանում հանդես գալու հնարավորությունից, այսպես ասած ապահովագրելով հայ տաղանդին, բայց․․․։ Հավաքականին միանալու նախօրեին 17-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր բակտերիալ անգինայի կլինիկական նշաններ, ինչը պարզվել էր արյան անալիզի միջոցով։ «Պայմանավորված հիվանդությամբ` նա կմնա Մոսկվայում՝ գտնվելով վերահսկողության տակ և կանցնի թերապիայի հատուկ կուրս։Եթե առաջիկա օրերին նրա վիճակը բարելավվի, ապա կմիանա Ավստրիայում հավաք անցկացնող հավաքականին»,- նշված էր պաշտոնական հայտարարությունում։ Երկու օր առաջ Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը հայտնել էր, որ որդին բաց կթողնի Եվրո-2020-ը։ «Արսենն արդեն լավ է զգում։ Շաբաթվա ընթացքում նա ամբողջապես կապաքինվի։ Մենք բոլորս նրան աջակցում ենք, նրա համար դեռ ամեն ինչ առջևում է։ Իհարկե նա հիասթափված է, բայց առաջնայինն առողջությունն է։ Նա պատրաստվում էր ու առաջին անգամ հրավիրվել էր հավաքական։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ նրա փոխարեն կհիասթափվեր։ Բայց ոչինչ՝ կարևորն առողջությունն է, իսկ հետո կտեսնենք։Դեռ ամեն ինչ առջևում է, նա ընդամենը 18 տարեկան դարձավ։ Հիմա նա Մոսկվայում է, բայց շուտով կվերադառնա տուն՝ Սամարա, ու մենք բոլորով կհավաքվենք»,- Sport24-ի հետ զրույցում ասել էր Նորայր Զախարյանը։
Փաստորեն, անգինայի հետևանքով հայ տաղանդը բաց կթողնի ֆուտբոլային կարևորագույն մրցաշարերից մեկը։ Ավելի վաղ Զախարյանը նշելով, որ երջանիկ է Ռուսաստանի հավաքական հրավիրվելու փաստով, ասել էր նաև, որ նույնիսկ պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելը կլինի մեծ իրադարձություն իր կարիերայում։ Այս հայտարարությունից օրեր անց նա հիվանդացավ անգինայով, ինչը շատերը որակեցին ճակատագրի հեգնանք։ Փաստն այն է, որ Արսեն Զախարյանը դեռ հնարավորություն ունի խաղալու իր հայրենիքի ազգային թիմում։ Սա ամենևին չի նշանակում, որ Զախարյանի հիվանդանալու փաստը որակում ենք դրական երևույթ։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ ունի որոշման իրավունք և այն պետք է հարգել։ Այժմ դժվար է ասել, թե Զախարյանը երբ հրավեր կստանա Ռուսաստանից։ Ամեն դեպքում նա ժամանակ ունի որոշումը վերանայելու։
Օրեր առաջ Զախարյանը ճանաչվել էր «ԴԻնամոյի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:Մրցաշրջանը դեբյուտային էր «Դինամոյի» հիմնական կազմում Զախարյանի համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) անցկացրած 13 հանդիպումներում խփել է 3 գոլ: Ընդունենք, որ 18-ամյա ֆուտբոլիստի համար սա ֆանտաստիկ ցուցանիշ է։ Առողջություն ենք մաղթում Զախարյանին նրան ցանկանալով նորանոր հաջողություններ և նվաճումներ։