«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման–Գավրիլոֆը։
Թուրքիան որևէ կերպ չի արձագանքել Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը:
Չեմ կարող ասել, հավանաբար չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել: Բայց իհարկե, ակնհայտորեն նկատելի է Թուրքիայի կողմից պասիվությունը:
Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Զարմանալի ու անհավատալի է այն, ինչ տեղի է ունենում, երբ խոսում են ինչ-որ գյուղեր տալու մասին: Իհարկե, մտահոգությունը շատ մեծ է, և մենք չգիտենք, թե ինչ են խոսում, ինչ են քննարկում Հայաստանի վերնախավում:
Կարծում եք՝ այս ամենի նպատակը Հայաստանը ծնկի բերե՞լն է:
Երևի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ծնկի բերի: Ես մտածում եմ, որ եթե այս ամենը պետք է տեղի ունենար, այդ նպատակով Հայաստանի իշխանության բերին մեկին, թավշյա հեղափոխությամբ ժողովրդին հանգստացրեցին, և դրանից հետո գործի դրեցին իրենց նախատեսած ծրագիրը Փաշինյանի ձեռքով: Այսպիսով մյուսները մաքուր դուրս եկան: Հիմա կարող են տարբեր պատճառներ բերել, թե պարտության պատճառը սա է, նա է, բայց փաստն այն է, որ 30 տարի քո ունեցածի վրա ոչինչ չես ավելացրել, երկիրը պաշտպանելու ուղղությամբ ոչինչ չես արել, այդ ուղղությամբ քաղաքական քայլեր չես իրականացրել: Եթե դու 30 տարի կորցրել ես, ապա սա պետք է տեղի ունենար: Թուրքերն էլ Կիպրոս էին մտել, բայց նրանք ահռելի աշխատանք են իրականացնում Կիպրոսում՝ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում: Իսկ մենք ոչինչ չենք արել Արցախում:
Իսկ թուրքական մամուլն ի՞նչ է գրում Սյունիքի զարգացումների վերաբերյալ: 44-օրյա պատերազմի ժամանակ Էրդողանն անընդհատ բացահայտ աջակցություն էր հայտնում Ալիևին, իսկ հիմա լուռ է:
Անկեղծ ասած, ես բոլոր թերթերը չեմ կարդում, որ կարողանամ ընդհանուր պատկերացում հայտնել, իմ կարդացած թերթերում ոչինչ չեմ հանդիպել Սյունիքի մասին: Հեռուստատեսությամբ ևս ոչինչ չեն հայտնում դրա մասին:
Այս անգամ միջազգային հանրության արձագանքը բավականին հայամետ էր, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Անգամ Ֆրանսիակն պատրաստակամություն էր հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո ռազմական աջակցություն տրամադրել: Հայաստանը պե՞տք է օգտվի այս հնարավորություններից:
Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Որ պետք է օգտվի, դա ուրիշ հարց է, բայց կօգտվի, թե ոչ, չգիտեմ: