
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:
«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։