Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները պետք է մշտապես բաց լինեն բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ կա մի գործոն, որը կարող է խանգարել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Կառույցի կանոնադրության մի քանի կետերով նախատեսվում է, որ անդամակցող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա մասնակից երկրների հետ։ Իսկ Երևանն ու Բաքուն այդպիսի հարաբերություններ չունեն։
«Երբ դրանք կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ, դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը կդրվի գործնական մակարդակի վրա»,- ընդգծել է Ռուդենկոն։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է, իսկ այն կնպաստի Վրաստանի հետ երկու երկրների ազատ առևտրի իրականացմանն ու Հարավային Կովկասի զարգացմանը։ Բացի այդ, Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, ժամանակին եղել է ՀԱՊԿ անդամ։ Այդ երկիրը հետխորհրդային ռազմական բլոկին անդամակցել է 1993-1999 թվականներին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ն լքել էր կազմակերպության ներսում առկա տարաձայնությունների և միասնական տեսակետի բացակայության պատճառով։ Առաջին հերթին խոսքը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հետխորհրդային տարածքում մենք ականատես ենք Ռուսաստանի քաղաքականության մի հայեցակարգի, որն առաջ է քաշել Պուտինը.«Այդ հայեցակարգի դրույթները հետևյալն են՝ պայքար գունավոր հեղափոխությունների դեմ, ամբողջ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության վերականգնում, հետխորհրդային տարածքի բոլոր երկրների (բացառությամբ Բալթյան երկրները, որոնք արդեն ԵՄ անդամ են) ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններում։ Սա է նրանց գլխավոր քաղաքական գիծը, որն արդեն բավականին երկար ժամանակ Ռուսաստանն իրականացնում է։ Նրա նպատակն է նորացված խորհրդային միության տիպի, բայց ոչ միասնական պետության, այլ ինտեգրացիոն միության ստեղծումը՝ Եվրամիության օրինակով։ Գուցե դա հետագայում կոնֆեդերացիայի նման մի բան լինի, եթե իհարկե դա Ռուսաստանին հաջողվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Քեռյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի մեկ դաշնակից՝ Հայաստանը .«Եվ բնական է, որ նա ցանկանալու էր Հայաստանին, այնուհետև նաև Ադրբեջանին ու Վրաստանին տանել եվրասիական անվտանգության գոտի։ Քանի դեռ նա չի կարողացել այդ խնդիրները լուծել, բնական է, որ իր վերջնական նպատակին չի հասել։Ռուսաստանը չի կարողանում տանել Ուկրաինան, բայց կարողացավ չեզոքցնել գունավոր հեղափոխությունը Բելառուսում։ Ուիրաինայի վրա էլ հիմա Ղրիմի հարցը , Դոնեցկի ու Լուգանսկի հակամարտություններն օգտագործելով որոշակի ճնշումներ է բանեցնում։Մեր պարագայում էլ օգտագործել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն չեզոք դիրքորոշումը, որն ունեցան Ռուսաստանը, մեր դաշնակիցներ Ղազախստանն ու Բելառուսը՝ նպատակն այն էր, որ էջը փակվի ու դրանից հետո դրվի Ադրբեջանին եվրասիական գոտի տանելու քաղաքականության սկիզբը։ Բնականաբար մենք նմանատիպ հայտարարություններ անընդհատ տեսնելու ենք, նման ձգտումներ անընդհատ լինելու են։Ռուսաստանն աշխատելու է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանագծում իրականացվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն, իսկ սառեցված մնա միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։
Քաղաքագետը, սակայն, թերահավատ է, որ դա Ռուսաստանին կհաջողվի.«Կա շատ մեծ մի խոչընդոտ, որն ընդ որում ՝ Հայաստանը չէ։ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ ինքն է ձգտելու Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիայի, որպեսզի լուծի իր անվտանգային խնդիրները, որպեսզի փրկի իր պետականությունը։ Այս առումով Հայաստանը չի ընդդիմանալու Ռուսաստանի քաղաքական գծին և ինչ-որ տեղ հնարավոր է, որ Հայաստանի նոր իշխանությունները հաստատեն դիվանագիտական հարաբերություններ ու համաձայնեն Ադրբեջանի՝ այդ կառույցներում ընդգրկվելուն։ Ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում կարող է տապալվել ու ֆիասկոյի գնալ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի երկաթյա դարպասին բախվելուց հետո։Ռուսները թուրքերի հարցում մի շար սխալներ ենթ ույլ տվել։ Այդ խրոնիկ հիվանդությունը մի քանի հարյուր տարիների պատմություն ունի։Բնականաբար թուրք-ադրբեջանական «երկու պետություն-մեկ ազգ» կոնցեպցիան, որը ժամանակին շրջանառության մեջ էր դրել Հեյդար Ալիևը՝ շատ ամուր կոնցեպցիա է։ Ռուսաստանը չէ, ով ուզում է լինել՝ այդ տանդեմը չի կարող փլուզել։ Կարող է ժամանակավոր հաջողության հասնել՝ իրար ասեն Վլադիմիր Վլադիմիրովիչ, Իլհամ Հեյդարովիչ, իրար սիրախաղեր տան, բայց իրականում Թուրքիան երբեք չի թողնի, որ Ադրբեջանը պոկվի Թուրքիայից։ Հենց այս իրողությունն է, որ օգտագործում է ադրբեջանական դիվանագիտությունը։ Ընդ որում՝ շատ խելոք է գործում և ավելի հմուտ ու հեռատես է՝ քան հայկականը։ Հայկականի մասին իմ կարծիքը զրո է»։
Գարիկ Քեռյանի խոսքերով՝ հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար միջնորդի առաջարկը Ռուսաստանի կողմից հենց այն նպատակն է հետապնդում, որ Երևանի ու Բաքվի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և Մոսկվան կարողանա Բաքվին ներգրավվել իր հիմնադրած կառույցներում.«Այո՛, ամբողջ նպատակն է, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ մուտք գործելու պայմաններում պետք է ներկայացվի, որ այլևս չկա Հայաստանի արգելքը։ Բայց Թուրքիան մի բան կանի դա տապալելու համար։ Անկարան արդեն ստեղծել է թուրքախոս պետություններին միավորելու մի շարք կառույցներ, որտեղ նրանք անընդհատ հանդիպում խոսում ու ծիծաղում են Հայաստանի վրա՝ ընդ որում դա անում են նաև Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցների հետ միասին։ Բայց մենք այլընտրանք չունենք, քանի որ կան անվտանգային խնդիրներ, մի հատ փռշտանք՝ քաղաք-պետություն դարձած Հայաստանը կկանգնի կործանման եզրին»։