
Ռուս-հայկական հարաբերությունը ստուգված է ժամանակով, «Արգումենտի ի ֆակտի» ռուսական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, թե Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել հայ ժողովրդին, ինչի վկայությունը 2020 թվականի պատերազմը դադարեցնելու ՌԴ միջնորդությունն էր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ուղղակի ծաղրում է հայ ժողովրդին: Նրա գնահատականի այլ մեկնաբանություն, քան դա, դժվար է մտածել կամ պատկերացնել: Որովհետև, Սերգեյ Լավրովը կամ խոստովանում է, որ ՌԴ բացարձակապես ի վիճակի չէ նեցուկ լինել և ընդամենը եկել է ու լուծել Արցախում իր ռազմական ներկայության հարցը՝ դրա իրավունքը աղերսելով Էրդողանից, կամ Լավրովը խոստովանում է, որ 2020 թվականի պատերազմը հայ ժողովրդի հանդեպ թույլ է տվել հենց Ռուսաստանը, հետո դադարեցրել է, երբ հարկ է համարել՝ այդ քայլն էլ հայ ժողովրդի վրա «վաճառելով» իբրև «փրկություն» կամ «նեցուկ» լինելու վկայություն: Դա ծաղր է հայ ժողովրդի հանդեպ երկու դեպքում էլ, որովհետև հայ ժողովուրդը պատերազմի հետևանքով նախ մենակ է մնացել թուրք-ադրբեջանա-պակիստան-ահաբեկչական դաշինքի և նրանց գործընկեր ու խթանիչ Իսրայելի կառավարության դեմ, ունեցել է հազարավոր կյանքերի և զգալի տարածքների կորուստ, և անգամ այդ ամենից հետ Հայաստանն ու հայ ժողովուրդը այժմ նույնիսկ այսպես կոչված ֆորմալ դաշնակցության սահմաններում չունի միարժեք աջակցության հավաստիացում ՌԴ «նեցուկ լինելու պատրաստ» նախագահից ու կառավարությունից:
Հետևաբար, Լավրովի հայտարարությունները արվում են այն կանխավարկածով, որ հայ ժողովուրդը «հիմար» է և ի վիճակի չէ մտածելու, վերլուծելու, իրավիճակը գնահատելու, անգամ այն աղետից հետո, որ ՌԴ անկարողության կամ գործուն պասիվության աջակցության ռեժիմում տեղի ունեցավ իր հետ: Լավրովը երևի թե նկատի ունի, թե հայ ժողովրդի «անգիտությունն» ու «անմեղսունակ հպատակությունն» է ժամանակով ստուգված, որովհետև որևէ այլ պարագայում իհարկե Ռուսաստանը վաղուց դուրս էր հրավիրվել Հայաստանից՝ իր հակահայկական քաղաքականության պատճառով: Գուցե Լավրովին այդ հարցում համոզել կամ հավատացրել են այդ քաղաքականության հայաստանյան «կղզյակ սուբյեկտները», որոնք փորձում են այդ կերպ լուծել հայ ժողովրդի հանդեպ իրենց իշխանական դիրքերի վերականգնման հարցերը: Բոլոր դեպքերում, հայ ժողովուրդը ամենևին հիմար կամ անգետ, կամ քաղաքականապես անմեղսունակ չէ, և որքան էլ չհնչի կամ թվա տարօրինակ, դրա վկայությունն է այն, որ հայ ժողովուրդը Ռուսաստանին դուրս չի հրավիրում Հայաստանից: Որովհետև, Լավրովն ու կոմպանիան ըստ երևույթին սպասում են հենց դրան՝ Թուրքիայի հետ «ժամանակով փորձված» հերթական առևտրային գործարքները կնքելու և դրա պատասխանատվությունը հայ ժողովրդի այդ քայլերի վրա դնելու համար: հայ ժողովուրդը դուրս չի հրավիրում Ռուսաստանին, փոխարենն ավելի ու ավելի հստակ է մատնացույց անում այն մեծ ու փոքր ստորությունները,որ իրենց թույլ է տալիս հայ ժողովրդի հանդեպ ՌԴ ներկայիս տնտեսա-քաղաքական էլիտան՝ թուրք-ադրբեջանական էլիտաների հետ միլարդների առևտրում: Եվ, ի վերջո, հայ ժողովուրդը դա չի անում, հիանալի պատկերացնելով ու գիտակցելով նաև, որ այդ էլիտան իր հերթին բացարձակապես չի ներկայացնում ռուս ժողովրդին և իրական Ռուսաստանը, ըստ այդմ վաղ, թե ուշ այդ էլիտան հայտնվելու է Ռուսաստանից դուրս և գալու է հայ-ռուսական իրական, թե ժողովրդական, թե միջպետական բարեկամության ու գործընկերության ժամանակը: