Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը կարող է ներկայացվել համաուկրաինական հանրաքվեի, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Կարծում եմ, որ այսօր առկա ամենակարևոր խնդիրը Դոնբասում տիրող իրավիճակն է։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, քանի որ պատերազմի դադարեցման, բռնազավթված տարածքների և մարդկանց վերադարձի առնչությամբ ունենք մի քանի պլան՝ A, B, C, մենք կներկայացնենք նման թեմայով հանրաքվե։ Դա կարող է լինել ծրագրերից մեկը, եթե մյուսը չաշխատի»,- ասել է Զելենսկին իր նախագահության երկու տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Գործակալությունը հիշեցնում է, որ 2014-ի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ սկսեցին ընդդեմ ինքնահռչակ երկու հանրապետությունների, որոնք 2014-ի փետրվարին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո անկախություն հռչակեցին: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ: Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է, այդ թվում՝ Մինսկի խմբի հանդիպումների ընթացքում, որը 2014-ի սեպտեմբերից արդեն ընդունել է հակամարտության ապաէսկալացիայի քայլերը կարգավորող երեք փաստաթուղթ: Այնուամենայնիվ, նույնիսկ հրադադարի համաձայնագրերից հետո կողմերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է։